Հայաստանում արժեթղթերի շուկային վերաբերող առաջին օրենսդրական փաստաթուղթը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքն էր, որն ընդունվեց 1993թ.-ի հուլիսի 20-ին, գործելով հաջորդող յոթ տարիների ընթացքում: Այնուհետև` 2000թ.-ի հուլիսին գործողության մեջ դրվեց ավելի համապարփակ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի դրույթներին համապատասխան ստեղծվեց ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովը` ստանձնելով արժեթղթերի շուկայի կարգավորողի և վերահսկողի իրավասությունները: Կանոնակարգվեց նաև Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի` իբրև ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեությունը:

2006թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» ՀՀ օրենքը, ըստ որի երկրի ֆինանսական ամբողջ համակարգի, այդ թվում` ՀՀ արժեթղթերի շուկայի միակ կարգավորող և վերահսկիչ պետական մարմնի գործառույթները վերապահվեցին ՀՀ Կենտրոնական բանկին: Այսպիսով, ՀՀ արժեթղթերի շուկայում գործունեության տարբեր բնագավառները առավել համապարփակ կարգավորվում են ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնց կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԲ կայքում:

Ներկայումս գործող «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2007թ.-ի հոկտեմբերի 11-ին և կարգավորում է Հայաստանի արժեթղթերի շուկայում գործունեության բոլոր բնագավառները: Արժեթղթեր թողարկող ընկերությունները գործում են նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, որի առաջին տարբերակն ընդունվել է 2001թ.-ին. հետագայում ենթարկվելով փոփոխությունների և լրամշակումների` մասնավորապես, կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձն արտացոլելու նպատակով:


ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գործունեությունը կարգավորող հիմնական օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի ցանկը

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

«Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենք

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք

Կանոնակարգ 4/04 «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ»

Կանոնակարգ 4/10 «Արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագրի կազմը, առաջարկի և դրա պայմանների փոփոխությունների հրապարակման կարգը, առաջարկի շուկայական գնի հաշվարկման կարգը, արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի իրականացման կարգը արժեթղթերի կարգավորվող շուկայում առևտրի թույլտվության դադարեցման դեպքում, արժեթղթերը հանձնելու առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին ցանկացած հրապարակային առաջարկության կամ խորհրդի կատարման կարգը»

Կանոնակարգ 4/17 «Գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները,  գնային չարաշահման դեպքերի արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքները և գնային չարաշահում չհամարվող դեպքերն ու գործողությունները»

Կանոնակարգ 5/01 «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 5/03 «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»

Կանոնակարգ 5/05 «Կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված խախտումների մասին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը»

Կանոնակարգ 5/06 «Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկությունների ծավալը և հրապարակման կարգը»

Վերոհիշյալ բոլոր օրենքներին և նորմատիվ իրավական ակտերին կարող եք ծանոթանալ www.arlis.am, www.lexbox.am և www.cba.am կայքերում:

Թարմացված է առ` 01.03.2017