«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն (մինչև 27.01.2009թ.-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ, ՀՖԲ) ներկայումս Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Արդեն մոտ մեկ ամբողջ տասնամյակ է ինչ ընկերությունը, հանդիսանալով  Հայաստանի արժեթղթերի կազմակերպված շուկա, շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ:

Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր,  ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան շարունակում է աշխատանքներ իրականացնել ֆինանսական այլ գործիքների համար հարթակների ստեղծման ուղղությամբ:

Ֆոնդային բորսայի գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմինը ՀՀ Կենտրոնական բանկն է: 

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առաքելությունն է`արժեթղթերի գնագոյացման արդար մեխանիզմների գործողությունն ապահովող արդյունավետ և թափանցիկ բորսայական շուկայի ձևավորումը, ինչը կնպաստի հայկական ընկերությունների կողմից կապիտալի ներգրավման հնարավորությունների ընդլայնմանն ու Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հենց այս նպատակին են ուղղված, մասնավորապես, ֆոնդային բորսայի ցուցակման ծառայությունները: 2008թ-ի սկզբին դառնալով NASDAQ OMX-ի մաս, ՀՖԲ-ն սկսեց միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին ցուցակման իր կանոնների համապատասխանեցման գործընթացը` նպատակ ունենալով բարձրացնել ներդրողների վստահությունը Հայաստանի շուկայի նկատմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան Եվրաասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) և ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի անդամ է: 2008թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հանդիսանում է նաև Հայաստանում ԱՄՆ Առևտրային պալատի անդամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ապահովագրված է քաղաքացիական պատասխանատվությունից, ինչպես նաև հրդեհից և այլ վտանգներից, գույքի և բիզնեսի ընդհատումից:


Դիտել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի պետական գրանցման վկայականը և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիան:

Դիտել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի վարչակազմակերպական կառուցվածքը:

Թարմացված է առ` 18.07.2017