Ինչու՞ ներդրումներ կատարել

Ներդրումների իրականացման շնորհիվ կարող եք ապահովել Ձեր և Ձեր հարազատների ֆինանսական անկախությունն ու բարեկեցությունը` երկարաժամկետ հեռանկարում: Անկախ նրանից, թե այսօր որքան եք վաստակում, մշտապես հնարավորություն ունեք ներդրումների միջոցով ավելացնելու Ձեր և Ձեր ընտանիքի տրամադրության ներքո գտնվող գումարը: Ընդ որում, ներդրումների կատարումը նպատակահարմար է ինչպես երիտասարդ զույգերի համար` իրենց զավակների համար առաջնակարգ կրթության և բժշկական որակյալ ծառայությունների ստացման հնարավորություններ ստեղծելու նպատակով, այնպես էլ ավելի հասուն, տարիքով մարդկանց համար, որոնք ցանկանում են հնարավորություն ունենալ  օգտվելու կյանքի բոլոր բարիքներից թոշակառու դառնալուց հետո ևս:

 

Որտե՞ղ ներդնել գումարը

Եթե Դուք ներդրումներ կատարելու համար խնայողություններ ունեք, ապա կարող եք ներդումների իրականացման մի շարք տարբերակներ դիտարկել: Օրինակ կարող եք որոշում կայացնել խնայված գումարը պահելու բարձի տակ կամ տանը գտնվող հատուկ պահոցում, ինչն, ըստ էության, նույն բանն է, քանի որ նման  «ներդրումները» որևէ շահույթ չեն կարող բերել և, հակառակը, գնալով արժեզրկվում են` ինֆլյացիայի պատճառով: Մեկ այլ տարբերակ է գումարը հանձնել բանկին որպես ավանդ` որոշակի տոկոսի դիմաց: Ցավոք սրտի, ցպահանջ ավանդների տոկոսադրույքները սովորաբար բավականին ցածր են, իսկ ժամկետային ավանդների դեպքում ավանդատուն, փաստորեն, «սառեցնում է» գումարները մինչև ավանդի ժամկետի ավարտը: Ավանդի ժամկետը լրանալուց առաջ ավանդը հետ պահանջելու դեպքում ավանդատուն սովորաբար կորցնում է կուտակված տոկոսների ողջ գումարը:

Որպես պոտենցիալ ներդրող` Դուք ունեք այլընտրանքային ներդրումային հնարավորություն ևս, այն է` ներդրումներ կատարել արժեթղթերում:

 

Արժեթղթերի հիմնական տեսակները և դրանց առանձնահատկությունները

Եթե ներդրողը ցանկանում է գտնել խնայողությունների ներդրման միաժամանակ եկամտաբեր և ճկուն տարբերակ, ապա կարող է դիտարկել արժեթղթերի գնման հնարավորությունը: Հայաստանի արժեթղթերի շուկայում շրջանառում են արժեթղթերի հետևյալ տեսանկերը.

Լինելով պարտքային արժեթղթեր, պարտատոմսերը ընկերության կապիտալում մասնակցություն չեն ապահովում. դրանք պարզապես հավաստում են ներդրողի կողմից ընկերությանը պարտքով տրված գումարը: Պարտքային արժեթղթերի համար սահմանվում է եկամտի երաշխավորված հաստատագրված դրույք, որը ներդրողին հայտնի է դրանց գնման իսկ պահին: Այլ կերպ ասած, պարտատոմսը տիրապետողին իրավունք է տալիս ստանալ պարտատոմսի անվանական արժեքը , ինչպես նաև անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունք:

Ի տարբերություն պարտատոմսերի, բաժնետոմսերը (բաժնային արժեթղթերը) հավաստում են սեփականատիրոջ սեփականության իրավունքը` ընկերության որոշակի գույքի նկատմամբ: Հասարակ (սովորական) բաժնետոմսերը իրենց սեփականատերերին իրավունք են տալիս մասնակցելու թողարկող ընկերության կառավարմանը` տալով ձայնի իրավունք, ստանալ շահաբաժիններ, իսկ ընկերության լուծարման դեպքում ՝ ստանալ ընկերության գույքի իրեն հասանելիք մասը: Արտոնյալ բաժնետոմսերը համարվում են պարտքային արժեթղթերի որոշակի բնութագրեր ունեցող բաժնային արժեթղթեր, քանի որ դրանք նախատեսում են հաստատագրված շահաբաժինների ստացում, սակայն ձայնի իրավունք չեն ապահովում:

Բաժնետոմսի համեմատ պարտատոմսը համարվում է ավելի պակաս ռիսկային ֆինանսական գործիք: Դա, մասնավորապես, վերաբերում է պետական պարտատոմսերին, որոնք համարվում են գրեթե զրոյական ռիսկայնություն ունեցող արժեթղթեր: Հարկ է նշել, սակայն, որ որքան ցածր է ռիսկը, այնքան ավելի ցածր է եկամտաբերությունը և ակնկալվող շահույթը: Պարտատոմսի դիմաց ստացվող հաստատագրված եկամուտը կարող է ավելի ցածր լինել այն շահույթի համեմատ, որ ներդրողը կստանա, եթե իր գնված բաժնետոմսը հաջողություն ունենա շուկայում: Սակայն այն կարող է անհամեմատելի լինել նաև այն վնասների հետ, որոնք կկրվեն բաժնետիրոջ կողմից, եթե մի գեղեցիկ օր բաժնետոմսի շուկայական գինն անկում ապրի` նվազելով նույնիսկ դրա դիմաց գնման պահին վճարված գնի համեմատությամբ: Այսինքն, ներդրումային որոշումներ կայացնելիս, ներդրողը պետք է շահույթի ստացման իր սպասելիքները համադրի իր համար ընդունելի ռիսկայնության մակարդակի հետ:

Իրացվելիությունը ևս արժեթղթերի կարևորագույն բնութագրերից է: Այն նշանակում է, որ արժեթղթերը` և’ բաժնետոմսերը, և’ պարտատոմսերը կարող են ցանկացած պահին վաճառվել բորսայական շուկայում, առանց զգալի դրամական կորուստների: Նույնիսկ այն դեպքում, եթե ձեր ունեցած պարտատոմսը վաճառում եք դրա մարման ժամկետից առաջ, չեք կորցնում այն եկամուտը, որ կուտակվել է Ձեր` պարտատոմսի սեփականատեր հանդիսանալու ժամանակահատվածում: Որքան մեծ է տվյալ դասի արժեթղթերի սեփականատերերի թիվը, այնքան մեծ է տվյալ արժեթղթի շուկան և այնքան ավելի հեշտ կլինի այն վաճառել շուկայում: Այդ է նաև պատճառը, որ ֆոնդային բորսաները ցուցակվող ընկերությունների համար նախատեսում են բաժնետոմսերի ազատ շրջանառող մասին վերաբերող պահանջներ: Արժեթղթի իրացվելոիությունը բարձրանում է նաև այն դեպքում, եթե այն ունի շուկա ստեղծող, այսպես կոչված մարքետ-մեյքեր, որն արժեթղթի անընդհատ երկկողմանի գնանշումներ է ապահովում, հնարավորություն ընձեռելով ներդրողներին ցանկացած պահի վաճառել, իրացնել իրենց ունեցած արժեթուղթը:

 

Ինչպե՞ս վարվեմ, եթե ցանկանում եմ արժեթուղթ գնել

Բորսայում գործարքները կնքվում են բրոքերների միջոցով: Եթե որոշել եք Ձեր առաջին ներդրումը կատարել արժեթղթերում, ապա կարող եք անմիջապես անցնել բրոքերի` մասնագիտացված միջնորդ ընկերության ընտրությանը, որն առավել մանրամասն տեղեկատվություն և խորհրդատվություն կտրամադրի Հայաստանի շուկայում առկա ներդրումային հնարավորությունների մասին: Բորսայի անդամ հանդիսացող և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող բոլոր ընկերությունների ցանկը կարող եք գտնել մեր կայքի Անդամներ և շուկայի մասնակիցներ բաժնում:

Կայքի Հրապարակումներ բաժնում կարող եք ծանոթանալ կապիտալի շուկայի և բորսայի գործունեության վերաբերող կրթական և տեղեկատվական հրապարակումներին: Առաջարկում ենք այցելել նաև Հաճախ տրվող հարցերի բաժինը: 

Թարմացված է առ` 17.03.2017