Կատեգորիա: Ցուցակում

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:

20.04.2017

2017թ.-ի ապրիլի 20-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:  

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 150,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.6% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMAMRBB24ER7) բորսայում կշրջանառվեն AMRBB4 բորսայական հապավմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են մեր կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում:  

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ի մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն` նախկինում «Հայներարտբանկ ՓԲԸ, ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ, իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: 2008թ. մայիսի 19-ի Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի: Բանկի անվանափոխությունը գրանցվել է ՀՀ ԿԲ 23.05.2008թ. թիվ 1/506 Ա որոշմամբ: Ամերիաբանկը եղել է Հայաստանում առաջին ներդրումային բանկը:

Բանկը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է 2008թ.-ի  հոկտեմբերի 24-ից: Ամերիաբանկը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Թարմացված է առ` 20.04.2017