Կատեգորիա: Միջոցառումներ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ (FEAS) գործադիր խորհրդի անդամ է:

23.11.2016

2016թ. նոյեմբերի 16-17-ը Եգիպտոսում տեղի ունեցած Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (Federation of Euro-Asian Stock Exchanges (FEAS)) տարեկան ժողովի ժամանակ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն ընտրվել է որպես ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ:

Գործադիր Խորհուրդը Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ) կառավարման 2-րդ բարձրագույն մարմինն է և բաղկացած է ԵՖԲՖ 11 անդամներից: Գործադիր խորհրդի իրավասությունների մեջ են մտնում այնպիսի հարցեր, ինչպիսիք են ԵՖԲՖ ռազմավարության մշակումը, ԵՖԲՖ անդամակցության, բյուջետային գործընթացի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը և այլն:

«Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի Գործադիր խորհրդին անդամակցությունը մեզ համար շատ ոգևորիչ և միաժամանակ պատասխանատու քայլ է: Նշված կարգավիճակը թույլ կտա ոչ միայն նոր մակարդակով ներկայացնել Հայաստանի կապիտալի շուկան միջազգային ասպարեզում, այլև կնպաստի փորձի փոխանակմանը և միջազգային նոր համագործակցությունների հնարավորություն կընձեռի»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Հիշեցնենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան (նախկինում՝ «Հայաստանի ֆոդային բորսա» ԲԲԸ) անդամակցում է Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիային 2002թ.-ից:

 

FEAS-ի մասին

Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիան հիմնադրվել է 1995 թ. մայիսի 15-ին: Ասոցիացիայի նպատակն է աջակցել Եվրասիական տարածաշրջանի (Եվրոպա, Ասիա, միջերկրածովյան գոտի) կապիտալի շուկաների զարգացմանը, ինչպես նաև խթանել համագործակցությունը դրանց միջև: Ներկայումս ասոցիացիան ունի ավելի քան 30 անդամ, որոնց թվում՝ ֆոնդային բորսաներ, հետառևտրային ֆինանսական հաստատություններ, դիլերների ասոցիացիաներ և ռեգիոնալ ֆեդերացիաներ ավելի քան 30 երկրներից:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.feas.org:

Թարմացված է առ` 17.02.2017