Կատեգորիա: Միջոցառումներ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԸ:

21.06.2017

2017թ.-ի հունիսի 15-ին ք. Երևանում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից կազմակերպվել է ֆինանսական տեխնոլոգիաներին նվիրված միջազգային համաժողով՝ «Ֆինտեխը բորսայական ինդուստրիայում» խորագրով: Համաժողովին ներկա էին 23 կազմակերպությունների ներկայացուցիչներ 8 երկրներից, այդ թվում՝ նեկայացուցիչներ տարբեր երկրների բորսաներից, ՀՀ Կենտրոնական բանկից, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ), դեպոզիտար գործառնությունների սպասարման ծրագրային լուծումներ տրամադրող Percival ընկերությունից, crowdfunding ֆինանսավորում իրականացնող Funderbeam ընկերությունից և այլն:

Համաժողովի առաջին մասում տեղի ունեցավ պանելային քննարկում ֆինանսական տեխնոլոգիաների և դրանց զարգացման միտումների վերաբերյալ, որը վարում էր ՎԶԵԲ-ի տեղական արժութային և կապիտալի շուկաների զարգացման վարչության ղեկավար Անդրե Կուսվեկը: Քննարկման Բանախոսներն էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Percival ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Ռիչարդսոնը, Funderbeam ընկերության համահիմնադիր և նախագահ Ուրմաս Պեյկերը, ինչպես նաև ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն և Եվրասիական ֆոնդային բորսաների գլխավոր քարտուղար՝ Կոնստանտին Սարոյանը:  

Պանելային քննարկմանը հաջորդած աշխատաժողովի ժամանակը մասնակից բորսաները և ֆինտեխ ընկերությունները ներկայացրեցին իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիական լուծումները՝ կատարելով փորձի փոխանակում և հաստատելով փոխադարձ գործարար կապեր:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան համաժողովի ժամանակ որպես նորարարության օրինակ ներկայացրեց gp.minfin.am տիրույթում գործող և ՀՀ Ֆինանսների նախարարության հետ համագործակցության արդյունքում մշակված՝ Գանձապետական պահառուի առցանց սպասարկման համակարգը, որը թույլ է տալիս առցանց եղանակով անմիջապես պետությունից ձեռք բերել պետական պարտատոմսեր՝ դրանց դիմաց վճարումն իրականացնելով բանկային քարտով:

Միաժամանակ, 2017թ.-ի հունիսի 15-16-ը ք. Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ Երկների բորսաների միջազգային ասոցիացիայի տարեկան ժողովը, որն այս տարի հյուրընկալում էր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն: Ժողովի ընթացքում հաստատվեցին Ասոցիացիայի 2016թ.-ի գործունեության արդյունքները, ինչպես նաև հավանություն տրվեց հետագա աշխատանքային տեսլականին:

Համաժողովի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել մեր կայքի «Միջոցառումներ» էջը:

ԱՊՀ Երկների բորսաների միջազգային ասոցիացիայի մասին

ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիան հիմադրվել է 2000 թ.-ին, Մոսկվայում՝ կարգավորված ֆինանսական շուկաների զարգացմանն ուղղված աշխատանքների կոորդինացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով:

Ասոցիացիայի կազմում ընդգրկված է 10 երկրի շուրջ 20 կազմակերպություն, որոնք առանցքային դերակատարում ունեն փոխադարձ ֆինանսա-արտարժութային շրջանառության սպասարկման, ինչպես նաև պետական ու կորպորատիվ արժեթղթերով գործառնությունների իրականացման գործում:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել mab.micex.ru:

 

Թարմացված է առ` 23.06.2017