Ցուցակումն ու արժեթղթերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը
Զարգացման հեռահար նպատակներ հետապնդող ցանկացած ընկերություն իր գործունեության այս կամ այն փուլում դիտարկում է հանրային դառնալու գործընթացը։ Եթե լսում եք, որ ընկերությունը նախատեսում է «բացվել», «բաց» կամ «հանրային» դառնալ, դա նշանակում է, որ ընկերությունը նախատեսել է իրականացնել արժեթղթերի հրապարակային առաջարկ (Initial Public Offering, IPO) և ցուցակվել ֆոնդային բորսայում:
IPO-ն գործըթաց է, որի ժամանակ ընկերության բաժնետոմսերն առաջին անգամ բաց, հրապարակային կարգով առաջարկվում են հանրությանը ֆոնդային բորսայի միջոցով:
Ընկերությունները կարող են ցուցակել` ֆոնդային բորսայում առևտրին թույլատրել իրենց արդեն իսկ թողարկված կամ նոր թողարկվող արժեթղթերը: Արժեթղթի բորսայում ցուցակված լինելը չի նշանակում, որ արժեթղթի շուկայական գինը շարունակ աճելու է, այդուհանդերձ, ցուցակման պահանջներին և չափանիշներին համապատասխանելու փաստն ինքնին դիտվում է իբրև տվյալ արժեթղթի «որակի» չափորոշիչ:
Ցուցակված հանրային ընկերություն լինելու առավելությունները
Ամբողջ աշխարհում IPO-ն վաղուց արդեն հանդիսանում է ընկերությունների կողմից կապիտալի ներգրավման հիմնական աղբյուրներից մեկը:
Ահա թե ինչ կտա Ձեզ IPO-ի իրականացումը և բորսայում ցուցակումը։
- Առաջին հերթին, IPO-ի միջոցով կարող եք ներգրավել կապիտալ`բիզնեսը ընդլայնելու և զարգացնելու համար,
- բանկային վարկերի համեմատությամբ IPO-ի միջոցով ներգրավված ռեսուրսները սովորաբարավելի էժան են և երկարաժամկեը,
- բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումն ու բորսայում ցուցակումը նպաստում են ընկերության թափանցիկության ևվարկանիշի բարձրացմանը,
- թողարկող ընկերությունն իր համարպատմություն է ստեղծում շուկայում. առաջին IPO-ն հաջողությամբ իրականացնելու դեպքում կապիտալի շուկայից ռեսուրսների հետագա ներգրավումն ավելի դյուրին է դառնում,
- բորսայական շուկայում շրջանառվող արժեթղթերը, որպես կանոն ավելի իրացվելի են, ինչը հնարավորություն է տալիս սեփականատերերին ցանկության դեպքում անմիջապես վաճառել դրանք։
Ցուցակված հանրային ընկերության պարտավորությունները
Հարկ է իմանալ նաև, որ IPO-ն նաև բավականին ծախսատար գործընթաց է և ենթադրում է լուրջ պատասխանատվություն ընկերության համար: Այստեղ խոսքը միայն IPO-ի կազմակերպման միջնորդավճարներ վճարելու մասին չէ․ թողարկողը պետք է համապատասխանի կորպորատիվ կառավարման սկզբունքներին և լավագույն փորձին, ապահովելով ընկերության մշտական թափանցիկությունը: Այս նպատակով` բացի ամեն տարի անկախ աուդիտ անցնելուց, ընկերությունը պետք է ունենա մշտապես թարմացվող ինտերնետային կայք, ինչպես նաև ԶԼՄ-ների և ներդրողների հետ (Investor Relations) հաղորդակցությունների արդյունավետ համակարգ: Որքան մեծ է ոչ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերին տեղաբաշխվող բաժնետոմսերի քանակը (տես «բաժնետոմսերի ազատ շրջանառող մաս»), այնքան ավելի շատ թվով ներդրողների առջև է հաշվետու թողարկող ընկերությունը:
2010թ.-ին ՀՀ Կառավարությունը հաստատել է ՀՀ Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, որը Հայաստանի օրենսդրությամբ չկարգավորված կամ թերկարգավորված որոշակի հիմնախնդիրների վերաբերյալ սահմանում է դրույթներ, որոնք բխում են կորպորատիվ կառավարման լավագույն փորձից: Պատշաճ կորպորատիվ կառավարումը ընկերություններին հնարավորություն է տալիս բարձրացնել իրենց մրցունակությունը և տնտեսական արդյունավետությունը, ներգրավել տնտեսական աճի համար անհրաժեշտ ֆինանսներ, ինչպես նաև նպաստել ընկերության գործունեության մեջ օրինական շահ ունեցող շահառուների պաշտպանությանը և համագործակցությանը նրանց հետ:
Ցուցակումը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՅՈՒՄ
Առաջարկում ենք ծանոթանալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակվելու հիմնական առավելություններին.
- բորսայական առևտրին թույլատրման ճկուն կառուցվածք. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի “C” ազատ շուկան հնարավորություն է ընձեռում ընկերություններին առաջին քայլերը կատարել կապիտալի շուկայում՝ ստեղծելով շուկայում գործունեության իրենց պատմությունը և աստիճանաբար համապատասխանել ընկերության արժեթղթերը ցուցակման ավելի բարձր չափանիշներին,
- ցուցակման չափանիշներն ու վճարների չափերը ադապտացված են հայկական շուկայի պայմաններին`ապահովելով օտարերկրյա բորսաների համեմատ ցուցակման գործընթացի ծախսային ավելի բարձր արդյունավետություն,
- օտարերկրյա խորհրդատուների և բրոքերների կողմից գանձվող միջնորդավճարներից զգալիորեն ցածր միջնորդավճարներ,եթե սպասարկվում եք Հայաստանի կապիտալի շուկայում մասնագիտացված ծառայություններ տրամադրող ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ ընկերություններից որևէ մեկի կողմից,
- լրացուցիչ լուսաբանում հայկական ԶԼՄ-ների կողմից,որն, իր հերթին, բարձրացնում է հասարակայնության ուշադրությունը ցուցակված ընկերության և նրա արտադրանքի ու ծառայությունների նկատմամբ,
- մշտապես հասանելի օգնություն. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անձնակազմը միշտ պատրաստ է ընկերություններին անհրաժեշտ ցանկացած աջակցությունը տրամադրել` ցուցակման և ցուցակման պահպանման հետ առնչվող հարցերում:
IPO իրականացնելու և բորսայում ցուցակվելու մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալ ցանկացող ընկերությունները կարող են դիմել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Ցուցակման բաժնի ղեկավար Ներսես Հակոբյանին, հեռ.` +374 10 54 33 21 լրաց.120, ինչպես նաև բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնք միշտ պատրաստ են մասնագիտական խորհուրդ և օժանդակություն տրամադրել: